21.02.21-ին «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Նախապատրաստական աշխատանքները տևեցին ամիսներ: Համավարակով պայմանավորված սահմանափակումները, պատերազմն ու հետևանքները անհնար էին դարձնում մտահղացման իրականացումը։ Սակայն, մենք չհանձնվեցինք, քանի որ նման միջոցառումները և, մասնավորապես «Լավագույն Հայկական Բրենդ 2020»-ը, հայրենական արտադրողներին և հայկական տարբեր ընկերություններին քաջալերելու կարևոր ազդակ կարող են լինել՝ պետության հզորացմանն ուղղված իրենց ջանքերը կրկնապատկելու համար։
Մեր առաջ խնդիր էինք դրել անցկացնել Պրեմիում մրցանակաբաշխություն, և ամբողջ թիմը ամիսներ շարունակ քրտնաջան աշխատում էր այս մակարդակի արարողություն անցկացնելու համար: Լավագույն ճանաչված ընկերություններն ընտրվել են `ելնելով 2020 թ.-ի վերջին ամիսների ընթացքում «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա: Արդյունքում կայացավ Հայկական Ասոցիացիայի նախագահ՝ Արամ Նավասարդյանի և պրոդյուսեր՝ Էդգար Այվազյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Լավագույն Հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի հաղորդավար՝ Վահե Խանամիրյանը, իսկ մրցանակներ հանձնելու համար հրավիրել էինք պատվարժան մարդկանց, որոնց թվում էին նաև տարբեր ասոցիացիաների նախագահներ, առաջատար մասնագետներ: Մրցանակաբաշխությունը չվերածեցինք շոուի,հրավիրեցինք միայն մեկ կատարողի՝ էթնո-փոփ ժանրի երգչուհի Գաբի Գալոյանին։Հաղթողները պարգևատրվել են երկլեզու դիպլոմներով (հայերեն և անգլերեն), ոսկե մեդալով և երկու տարի շարունակ իրենց ապրանքների և գովազդային արշավների ընթացքում «Լավագույն Հայկական Բրենդ 2020» լոգոն օգտագործելու իրավունքով:
Մրցանակները պատրաստելու համար մեզ աջակցեց «3D Իմպեքս» հայ-բելգիական ընկերությունը, որն ունի առանձնացող ձեռագիր և որակ, «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությունն իրականացավ նաև մեր Պատվավոր գործընկերների՝ «SANITA» մաքրող միջոցների, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» մսամթերքի էքսկլյուզիվ ու մեծ տեսականի արտադրող և արտահանող ընկերության, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի աջակցությամբ։
Մրցանակաբաշխությանը ներկա էին հայկական առաջատար լրատվամիջոցների ֆոտոլրագրողները, որոնց կայքերում հաջորդ օրը հայտնվեցին վառ լուսաբանումներ, բացի այդ, մրցանակաբաշխությունը կհեռարձակվի «Արմենիա» և Արմենիա Պրեմիում հեռուստաընկերությունների եթերում։