Սույն թվականի մարտի 22-ին «Մեգերիան Կարպետ» մշակութային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը։
Նմանատիպ նախաձեռնությունները հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցողներին ավելի ճանաչելի և վստահելի են դարձնում հանրության և սպառողների շրջանում, ինչպես նաև դարձնում ավելի մրցունակ իրենց ոլորտներում։
Մարքեթինգի Հայկական Ասոցացիայի նախագահ Արամ Նավասարդյանի և նախագծի պրոդյուսեր Ալիկ Նավասարդյանի ջանքերով իրականացավ «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը։ Լավագույնները ընտրվել էին 2021-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցացիա»-ի Հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա։
Լավագույնը ճանաչված ընկերություններին հանձնվեցին երկլեզու պատվոգրեր (հայերեն և անգլերեն), էքսկլյուզիվ անվանական ոսկե մեդալներ, «Լավագույն Հայկական Բրենդ 2021»-ի լոգոտիպի՝ ապրանքների վրա և գովազդային արշավներում օգտագործման երկու տարվա իրավունք: Բացի այդ «Մարքեթինգի Հայկական Ասոցացիա»-ի կողմից հնարավորություն ընձեռնվեց գրանցվել «Armenian Export Catalog»-ում (www.exporters.am / www.aec.am)։
Մրցանակաբաշխությունը վարեց հաղորդավար Վահե Խանամիրյանը: Մրցանակները հանձնելու համար հրավիրվել էին հեղինակավոր մարդիկ տարբեր ոլորտներից, այդ թվում քաղաքական գործիչներ, տարբեր Ասոցիացիաների և կազմակերպությունների նախագահներ, տնօրեններ:
Մրցանակաբաշխության գործընկերներն էին «Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը, «Մեգերիան Կարպետ» մշակութային համալիրը, «Fest.am»-ը, «3D-imPex» Հայ-Բելգիական ընկերությունը։
Մրցանակաբաշխությունը ցուցադրվել է «Շանթ» հեռուստաընկերության եթերով։