Սիրով ներկայացնում ենք Մարքեթինգի հայակական ասոցիացիայի անդամ Լիլիթ Շաքարյանի երկրորդ հեղինակային գիրքը։ Գիրք «Հաղորդակցության Մարտահրավերները Տեղեկատվական Հասարակությունում»

Լույս է տեսել Սոցիոլոգ, Մարքեթինգի հայակական ասոցիացիայի անդամ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի 2-րդ հեղինակային գիրքը: Լիլիթը լրագրողների հետ մտերմիկ միջավայրում ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունն ու կարևորությունը: Հեղինակը գիրքը վերնագրել է «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում»:

“Այն նեղ մասնագիտական է և վերլուծություններով հագեցած: Նախատեսված է տեղեկատվական ոլորտի փորձագետների, քաղաքագետների, լրագրողների, ուսանողների և տեղեկատվական խնդիրների հետ առնչվող լայն հանրության համար«,-լրագրողներին պատմում է Լիլիթ Շաքարյանը.- «հասարակությունը որում մենք ապրում ենք կարելի է բնութագրել որպես մեդիա-հագեցած հասարակություն: Պատկերները, հնչյունները, զգացողությունները շատ ավելի մեծ դեր ու նշանակություն ունեն, քան փաստերը»:

Գիրքը բաղկացած է 3 գլխից: “Այսօր զանգվածային հաղորդակցության միջոցներն ու ԶԼՄ-ն հեշտությամբ վերածվում են զանգվածային մանիպուլյացիայի միջոցների, որոնք նշանակալի ազդեցություն են գործում մարդկանց զգացմունքների, գիտելիքների, ընկալումների ու արժեքների վրա` վերափոխելով նրանց դիրքորոշումները սոցիալական տարածությունում և նույնիսկ՝ նրանց դարձնելով երևակայական գաղափարների գերի: Տեղեկատվական բազմազանության պայմաններում մարդը սպառում է իր ակտիվ, պատասխանատու դերը սոցիալական գործընթացում և դառնում է լիովին “կառավարելի«,- գրում է Լիլիթ Շաքարյանը գրքի նախաբանում: Հեինակը եզրակացնում է, որ արդի խճանկարային մեդիա աշխարհում, որտեղ մեդիան ոչ միայն ստեղծում է իրականության զգացողություն, այլև ներկայացնում է իրականությունը՝ ֆրեյմավորելով իրադարձություններն ու իրավիճակները, արդիական է դառնում մեդիագրագիտության հիմնահարցը։

Գրքի առաջին հատվածը տեղեկատվական հեղափոխության և տեղեկատվության հասարակությանն է ուղղված և սկսում է այսպես՝ հասարակությունը դինամիկ համակարգ է և պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հասարակություն իր զարգացման ընթացքում անցնում է որոշակի փուլերով: Ահա այս փուլերի տարբեր շերտերին է անդրադաձել հեղինակը մանրամասնորեն կամ ինչպես հեղինակն է ասում՝ խորը վերլուծությամբ:

Ձեռնարկի առաջին գլխում դիտարկվում են «տեղեկատվական հասարակություններում» կատարվող հնարավոր փոխակերպումները՝ արդի ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում և հասարակությունների ինֆորմատիզացիայի գործընթացի մոդելավորումը՝ ՀՀ-ի օրինակով։

Իսկ վերջին գլխում դիտարկվում են կիբեռդարաշրջանի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման միջոցները:

Ամփոփելով, հավելենք, որ ձեռնարկում դիտարկված թեմաները ներկայիս գլոբալ հասարակարգի մարտահրավերների մասին են, որոնք մեծապես պայմանավորված են տեղեկատվական ոլորտի վերաբերյալ հանրության գիտելիքներով, ընդհանրական մտավոր ռեսուրսներով և դրանց խելամիտ համակարգմամբ ու կառավարմամբ։

Ընտրացանկ